gginosyan


Գագիկ Գինոսյանի մատյանը

Հայ է նա, ում համար Հայաստանը լոկ բառ չէ, այլ աղոթք և ռազմակոչ միաժամանակ


Previous Entry Поделиться Next Entry
ՊԱՏԵՐԱԶՄ ԹԵ? ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
gginosyan
 ՊԱՏԵՐԱԶՄ ԹԵ? ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

     Խաղաղապաշտ ու անարի ժողովուրդները տկարանում են և դառնում                                                                           որսը նրանց, որոնց ուժը աճում է և                                                                                                      
                   
ծավալվում` անդիմադրելիորեն:                                                                        
                                                             Գ.Նժդեհ

                                                     
Արցախյան ազատամարտի հետհրադադարյան ամբողջ ժամանակահատվածում քաղաքական և, ինչու-ոչ, ներքաղաքական ետնաբեմերից չի հեռացվել, ՙազատագրված տարածք՚ կոչված մեր հայրենիքի անբաժանելի  մասի արծարծումը: Հաճախ Արցախյան հիմնախնդրի լուրջ քննարկումների թատերաբեմերում  հակառակորդ և միջնորդ կողմերի համար եղել է հիմնական շահարկման առարկաներից մեկը:
Իսկ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, մեղմ ասած, միանշանակ չէ:
Ազատագրված տարածքների հարցը վստահաբար երկրորդական չէ, և հավանաբար հենց նրանից է սկսվելու Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծումը: Եվ այս հարցում զիջումը որևէ կողմի համար հիմնախնդրում ընդհանուր զիջման, միգուցե և պարտության հիմքն է լինելու:
Հայրենիքը` Հայաստանի տարածքը միակ բացարձակ արժեքն է, որը որևէ կերպ չի կարող սակարկման  առարկա դառնալ:
Առաջին հանրապետության դասերը հուշում են, թե որքան կարևոր են, առաջին հայացքից աննշան թվացող, տարածքները ընդհանուր ռազմավարական խնդիրների լուծման և ընդհանրապես Հայաստանի անվտանգության ապահովման համար:
1920 թ.-ի օգոստոսին ՀՀ զինվորական նախարար Ռ. Տեր-Մինասյանը, համաձայն բոլշևիկների հետ կնքված զինադադարի, Դրոյի միջոցով հեռագրում էր Կապարգողթի (Զանգեզուր) ընդհանուր հրամանտար Նժդեհին` թողնել Կապանն ու Գենվազը և անցնել Երևան: Բայց վիրավոր Նժդեհը, լինելով  հեռատես քաղաքագետ, չընդունելով ՀՀ զինվորական նախարարի` Զանգեզուրը թողնելու հրամանը և մերժելով Դրոյի առաջարկը` անցնել Երևան ապաքինվելու, նախընտրեց մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությունը:
Նժդեհը մայրաքաղաքի փոխարեն ընտրեց հայոց լեռները, որպեսզի Ադրբեջանին թողնված մեր Լեռնաշխարհը ուժով կցվեր Հայաստանին: Նա գտնում էր. ՙվտանգի ժամանակ, նման պատմական պայմաններում` ղեկավարի չափանիշը, նրա հարցումը պետք է լինի` ի?նչ կթելադրե երկրիս ու ցեղիս հավիտենական շահը, և ոչ թե միայն օրվա իշխանությունը՚:
Հայոց ռազմի մարգարեն վստահ էր, որ. ՙԿարևորագույն  վայրերի պաշտպանությունը ապահովում են նվազ կարևորների համառ պաշտպանությամբ միայն: Այսպե’ս, և ոչ այլ կերպ: Ըստ իր կարևորության` ՙտաճար՚ է ամեն դիրք, և իբրև այդպիսին պետք է պաշտպանել դա: Չկան ո’չ աննշան դիրքեր, ո’չ էլ աննշան գործեր կռվադաշտում: Այնտեղ կարևոր է նշանակալից ամեն ինչ: Եվ, եթե կա աննշան մի բան, դա էլ հենց մարդկային արյունն է, ան•ամ զորավարի արյունը՚:
Թե Նժդեհի ՙխռովարարություննից՚ ի±նչ շահեց Հայաստանը` գաղտնիք չէ և ոչ մեկի համար:
Պատմությունը ապացուցեց Հայոց Վերջին Սպարապետ Նժդեհի որոշման ճշմարտացիությունն ու քաղաքական հեռատեսությունը և Զանգեզուրը այն հենակետն էր, որի առկայության դեպքում բոլշևիկները կոչնչացնեին ամբողջ Հայստանը: Ով իմանա, թե հակառակ դեպքում բոլշևիկները կհանդուրժեին իրենց կազմում Հայաստանի առանձին հանրապետությունն: Եվ բնականաբար չէր լինի նաև այսօրվա անկախ Հայստանը:
Զուգահեռներ անցկացնելով առաջին Հանրապետության իրադարձությունների հետ հետևություններն ակնհայտ են: Ազատագրված տարածքները ոչ թե պետք է փոխարինել Արցախի անվտանգության և անկախության ճանաչման համար, այլ հենց նրանք են Արցախի ռազմավարական անվտանգության գրավականը: Ընդհակառակը տարածքների հանձնումը կարող է դառնալ Արցախի կործանման, կամ առնվազն նոր ռազմական ընդհարման սկիզբ:
Հայաստանը, հանձնելով ազատագրված տարածքները, Ադրբեջանի միջոցով պատերազմ է հայտարարում Արցախին:
ՀՀ բարձրագույն իշխանությունների պատճառաբանությունները, թե խաղաղությունը շատ թանկ արժե, և անհրաժեշտ է հանուն նրա գնալ փոխզիջումների, շատ թյուր են, քանզի ոչ մի թվացյալ կամ իրական խաղաղություն չարժե հայրենիքի նույնիսկ մի թիզ տարածք: Իսկ զիջումներից խոսում են նրանք, ում համար օտար է Նժդեհյան ուխտը – մեռնել, բայց չնահանջել, երբ Հայաստանին են պաշտպանում: ՙԹող հեռու մնա իր ժողովրդի ղեկավարումից նա, ով մեռնել չգիտե իր հայրենիքի համար՚: Ոչ ոք իրավասու չէ սակարկման դնելու հայրենիքի այն հատվածը, որը մեր սրբազան նահատակների արյունով է ոռոգվել:
Պատերազմ թե? խաղաղություն:
ՙԽաղաղության չարաշահումը  ավելի աղետավոր է քան նույնիսկ պատերազմը՚:
Եվ պատերազմից կարելի է խուսափել ամեն կերպ և ամեն դեպքում, բացի երկուսից, երբ ոտնահարվում է ազգային արժանապատվությունը և երբ վտանգվում է հայրենիքը:
ՙԻրական հերոսները երևան են գալիս վտանգների ժամանակ՚: Վտանգի ժամն է` Նժդեհի հոգեզավակ ՙխռովարարների՚ երևան գալու ժամանակը, նրանց, ով կերազեն Նժդեհյան ՙԻ զե’ն՚ ռազմականչը շրթունքներին մեռնել:      

?

Log in

No account? Create an account