August 25th, 2010

Իմ Մարգարեն / Գարեգին Նժդեհ / մաս 1

Ամենայն Հայոց Սպարապետի և գաղափարախոսի կենսագրության ամենափառահեղ էջերը բոլորին են քաջատեղյակ: Գարեգին Նժդեհի ռազմական հանճարի փայլատակումները դեռ երկար են լուսավորելու մեր պատմության էջերը, իսկ նրա գաղափարախոսական հանճարը դեռ շատ սերունդների հոգիներ է հայաշունչ և հայրենապաշտ դարձնելու:

                Նրա կենսագրության լավագույն էջերի լավագույնս լուսաբանումը թողնենք պատմաբաններին, իսկ գաղափարախոսության ուսումնասիրությունը փիլիսոփաներին, միայն նշելով, որ նրա ռազմական և գաղափարական հանճարի և մեծագործությունների լեռնաշղթայի մեջ ընդգծված վեր են խոյանում Լեռնահայաստանի ազատամարտի և ՙՑեղակրոն ուխտերի՚ հայապահպան գործունեության վեհ գագաթները:

                Փորձենք բացահայտել Նժդեհի թե կենսագրության, թե գաղափարախոսության և թե ռազմական հանճարի բացառիկությունները:

                Ամբողջ Խորհրդային  Միությունում նա վերջին մարտնչողն էր խորհրդային հասարակարգի դեմ, ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ գերտերության տարածքում: Երբ արդեն ջախջախված էին ևԴենիկինը ևՎռանգելը ևԿոլչակը, և հուսալքված ու զինաթափված էր ամբողջ Հայաստանը, նա հենված Սյունյաց անպարտ լեռներին, ավելի էր հուսավառվում, ավելի էր արժևորում իր առաքելության կարևորությունը, դառնում ավելի անպարտ: Չնայած մարտնչում էր ոչ միայն ռուս-բոլշևիկյան զորքերի դեմ, հանձինս հետագայում իր կողմից գլխովին ջախջախված գեներալ Կուրոչկինի, այլ նաև ՙկարմիր՚ հորջորջյալ թուրքերի, մուսաֆաթ-ադրբենջանցիների, և ինչքան էլ ցավալի է, հայ բոլշևիկների դեմ նույնպես:

Նժդեհը բացառիկ է նաև իր կենսագրության վերջին էջերով: Երկրորդ աշխարհամարտի ավարտին նա կամավոր հանձնվեց խորհրդային իշխանություններին ակնկալելով կյանքի վերջին տարիներին էլ ծառայել հայրենիքին: Իր իսկ խոսքերով. ՙԱրժանի չես  հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ իբրև միջոց՚: Բայց ապերախտ էր խորհրդային իշխանությունը և զորավարին վիճակված էր իր կյանքի վերջին տարիները ապրել խորհրդային և խորհրդահայ բանտում, որը դարձավ նրա Ագռավաքարը: Ցավոք մեր հողը այդպես էլ չզորեց պահել իր հերոսներին յուրաքանչյուրի առջև յուրօրինակ ագռավաքարեր բացելով: 1953-ին խորհրդային բռնակալ Ստալինի մահից հետո նա միակ քաղբանտարկյալն էր, ում խորհրդային իշխանությունները ՙչհանդգնեցին՚ ազատ արձակել, պահելով Ագռավաքարում մինչև 1955-ի վերջը, մինչև որ բոլոր ժամանակների Հայ Զորավարը կնքեց իր մահկանացուն: 1920-ին, երբ Հայաստանում  բոլորը թևաթափ էին և զինաթափված, նա ավելի ոգեղեն էր իր առաքելության բացառիկությունից: Ստեղծելով Լեռնահայաստանի հանրապետությունը, մարտնչելով այն պահում է ոչ միայն մինչև Զանգեզուրը Հայաստանի անքակտելի մաս ճանաչելը, այլ մինչև որ անկախ Հայստանի տապալված իշխանությունը և հայ մտավորականաությունը, հանձինս Ավ. Ահարոնյանի, Լ. Շանթի, Ն. Աղբալյանի և այլոց, կարողացան անցնել արտասահման: Եվ դժվար է ասել մնալու դեպքում նրանցից քանիսը կփրկվեին խորհրդային չեկիստների կողմից ոչնչացումից: Այսինքն նաև Սփյուռքահայ մտավորականություն ունենալու համար էլ մենք որոշ չափով պարտական ենք Նժդեհին:

Իմ Մարգարեն / Գարեգին Նժդեհ / մաս 2

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ համակենտրոնացման ճամբարում հայ գերիները և Գերմանիայի կողմից գրավված երկրներում ապրող սփյուռքահայերը, որ չարժանացան նույն ճակատագրին ինչ հրեաներն ու խորհրդային կայսրության մյուս ազգությունների ներկայացուցիչները, նույնպես մեսամասամբ պարտական են Սպարապետին:

                Գարեգին Նժդեհ. ահա իմ մարգարեն, ուսմունքը, հավատամքը և կրոնը միաժամանակ: ՙ... ամեն մարդ իր տեսանելի կամ աներևույթ դաստիարակիչն ունի, որի դերն ու ազդեցությունը իր նկատմամբ շարունակվում է մինչև գերեզման՚:

                ԱհաՆժդեհն ինձ համար հենց իր խոսքերով:            

                Ահաիմ դաստիարակիչը:

                Ահաիմ ռազմի և գաղափարի աստվածը:

               

                Նժդեհը բացառիկ է նաև որպես զորավար: Բացառիկ է մարտիկներին կռվի մղելու կարողությամբ: Ամեն զորավարի դարաշրջանը վերջանում է իր մարտական կենսագրության հետ գրեթե մեկտեղ, անցնելով պատմության գիրկը: Նժդեհի դարաշրջանը երբեք  չի  ավարտվելու, որովհետև ամեն նոր սերնդի հետ ոչ միայն մտնելու է մարտ, այլ իր գաղափարախոսությամբ է մղելու մարտի: Եվ չկա ավելի անպարտելի բանակ, քան նժդեհյան գաղափարախոսությամբ զինված, նրա ոգեղենությամբ բոցավառված բանակը: Երանի այն բանակին, որին զորավարը մարտի մղելուց առաջ սրտի մեջ Սպարապետի ոգին և մտքի մեջ նրա գաղափարն է ներարկում; և երիցս վայ նրան  դիմակայող բանակին:

                ՙ Վայ այն ժողովրդին, որի անցյալն իր  համար լոկ մի գերեզման է անխոս ՚: Մեզանից յուրաքանչյուրը, ով իր մեջ կրում է Սպարապետի գաղափարախոսությունը,ում կյանքի անքակտելի մասնիկն է դարձել, և ում հետ ամեն առավոտ կրկին զարթնում է այն, իրավունք չունի թույլ տալու, որ այդ գերհզոր, փրկիչ գաղափարախոսությունը պատմություն դառնա: Հպարտանալուց զատ, որ այն մեր կյանքի գործուն մասն է կազմում, պետք է ձգտել այն ավելի մատչելի դարձնել բոլորի համար, մատչելի ինչպիսին Սպարապետի խոսքն է:

Իմ Մարգարեն / Գարեգին Նժդեհ / մաս 3

Մեր առաքելությունը ոչ միայն  այս գաղափարախոսությունը կրելու մեջ է, այլ բոլորի սուրբ մասունքը դարձնելու մեջ, առավել ևս  բանակի և ապագա սերունդների: Եվ չմոռանանք  Սպարապետի պատգամը.ՙ Երբ խոսքսդ սրբազնորեն բարձր առարկաների մասին է, աշխատիր, որ նրա վրա հետքերը լինեն ևսրտիդ,ևմտքիդ արյան՚:

                Չմոռանանք, որ նրա գաղափարախոսությունը ներաճում է ազգային կրոնին, և միգուցե ավելի ազգային է:

            ՙ Հարանվանական է ժողովուրդը- կաթողիկ է, բողոքական և այլն,- ցեղը միշտ էլմի է և ամբողջական՚: Եվ նժդեհյան գաղափարախոսությունը ամբողջական է և ամբողջացնող, և միգուցե մեր նոր կրոնն է, որ դեռ չենք զորել ընդունել:

           Հայրենիքն ու հայրենիքի պաշտպանությունը, հայրենապաշտությունն էր նրա կրոնը:  

            ՙԻնքնապաշտպանություն- ահա մեր նոր կրոնը՚:

          ՙՓտած են մեր հին զենքերը ,եղծանված է մեր հին մագաղաթը: Նոր  ավետարանի խոսքը պիտի լսենք հիմա,-ավետարանը արիության:Մի նոր գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը- ավետարանը արիների՚: Ահա նրա կրոնը և նրա գաղափարախոսությունն է այդ նոր սուրբ գիրքը:

                Ինչքան էլ փորձենք անհնար է ՆԺդեհին ավելի լավ բնորոշել, քան իր իսկ մտքերից վերցրած պատառիկներով.

                ՙՆահատակները... Այդ մեծ մեռելները ամենեն քիչ իրենց և իրենց կուսակցությանց կպատկանին, ամբողջովին իրենց ցեղին և պատմության: Չկան կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա և կմնա ազգային  մարտիրոսությունը և հերոսականը՚

                ՙՊատմական գործիչը  պատկանում է ոչ միայն իր դարաշրջանին, անցյալին, այլ իբրև էություն ապագային:Իբրև զարգացող ոգի նա երևան է գալիս բոլոր եկող  անցնող սերունդների մեջ, որով նա միշտ էլ ժամանակակից է: Պատմական անձը քարեղեն արձան, քարացած էություն չէ, այլ հավերժաշունչ ոգի՚:

                ՙԱռաքյալի սիրտ,իմաստասեր գլուխ, ադամանդ  ճակատ - ահա կատարյալ առաջնորդը՚:

                Ի վերջո ինչ է պատգամում Նժդեհը մերօրյա գահակալներին.

ՙԳահ թե ոգու մեծություն- դրված այս երկընտրանքի առջև, ես պիտի ընտրեի վերջինը: Ինչ արժեն գահերը, երբ նրանց վրա բազմում են հաճախ մարդկային ցեղի ամենաեղկելի ներկայացուցիչները՚:

            

Իմ Մարգարեն / Գարեգին Նժդեհ / մաս 4

Գահ թե ոգու մեծություն- դրված այս երկընտրանքի առջև, ես պիտի ընտրեի վերջինը: Ինչ արժեն գահերը, երբ նրանց վրա բազմում են հաճախ մարդկային ցեղի ամենաեղկելի ներկայացուցիչները՚:

                ՙԱմեն ղեկավար, որ հրաժարվում է մեռնել իր հայրենիքի համար, հանցագործ է: Միայն ոգու մարդը կարող է մեր ժողովրդի ղեկավարը լինել՚:

                ՙՎայ այն ժողովրդին, որի առաջնորդը կատարյալ չէ ապագան բազում խաչեր ունի պահած նրա համար: Խեղճ է ժողովուրդը, երբ նրա առաջնորդն ավելի փառասեր է, քան հանճարեղ՚:

                Եվ որոնք են նժդեհյան այն պատգամները, որոնք պարտավոր ենք կյանքի կոչել ոչ թե իր, այլ նախ և առաջ մեր, մեր ազգի... մեր ազգի ապագայի համար:

                ՙՀոգու հիվանդություն ունին ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից՚

                ՙՍեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ՚:

                ՙԴատապարտված է մի ժողովուրդ, եթե նա իրավունքը զոհաբերում է իր հանցավոր հանգստի և ոչ ընդհակառակը՚:

                ՙՔո վաղվան հաղթանակի և պարտության միջև հայ ժողովուրդի լինել չլինելու հարցը կա, հայ երիտասարդություն՚:

                Ու մինչ վաղը պետք է հաղթենք կասկածը մեր հաղթանակի հանդեպ: Պարտավոր ենք ոչ միայն լինալ ոգեղեն, այլև վարակել ոգեղենությամբ երիտասարդությանը, որպեսզի չվտանգենք մեր ժողովրդի վաղը:

                Սպարապետը Հայաստանի Հանրապետության անկումից հետո էլ, փակված Սյանյաց լեռների մեջ, ոչ միայն չընկճվեց, այլև ավելի վճռականորեն և ավելի ոգեղենորեն լծվեց իր առաքելության իրագործմանը:

                Եվ եթե այսօր, անկախ Հայաստանի առկայության դեպքում, մենք ընկճված, հոգեպես կոտրված ենք, ապա դա միայն մեր մտավորականության գաղափարական և ոգեղեն սնանկությունն է մատնանշում և իր իսկ խոսքերով ասած ՙկրավորական՚ կեցվածքը:

                ՙԺողովրդի ճակատագրի դարբինը մտավորականությունն է: Այսօր նոր օր է- հասկանանք այդ, ևայն, որ հայ մտավորականությունը երբեք չի ունեցել ավելի մեծ  և պատասխանատու դեր՚:

Իմ Մարգարեն / Գարեգին Նժդեհ / մաս 5

Ժամն է զինվորագրվելու նժդեհյան գաղափարախոսությանը և զինվել նժդեհյան ոգով:

                ՙԵլեք, ելեք և օրհասակռվի պատրաստվեք... Նվա±լ, ոչ, ես արդեն ողբացի ամեն հայու փոխարեն , և պատռելով օձիքս զգացի ցավը ողջ ազգի...

                Ելեք, վատություն է վայել, երբ հարվածող բազուկներ ունենք... Ելեք հանուն կյանքի, նրա բարեշրջման, նրա կատարելության: Մահեն ավելի կյանքն է զորավոր, ելեք, ելեք՚:

                Օրվա հրամայականն է, որ մտավորականությունը զինի ազգին Նժդեհի գաղափարախոսությամբ և ոգով, որպեսզի իրականանա Գարեգին Նժդեհի վերջին իղձը.

 

                ՙԻ զեն... ես կուզեի այս ռազմականչը շրթունքներիս մեռնել՚, որպեսզի ոչ թե ռազմականչը շրթունքներին մեռնի Նժդեհը, այլ մեր գաղափարական և ոգեղեն զինվածությամբ ապրի և առաջնորդի մեզ... Ի մարտ: